Рубрика: Գրականություն

Շառլ Բոդլեր ԱՐԲԵ´Ք

Շառլ Բոդլեր (Շառլ-Պիեռ Բոդլեր, ֆր.՝ Charles Baudelaireապրիլի 9, 1821ՓարիզՖրանսիա — օգոստոսի 31, 1867ՓարիզՖրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան։

ԱՐԲԵ´Ք

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։ Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

թարգմ. Վ. Տերյան

Рубрика: Գրականություն

Վահան Թոթովենց Մտածումի շիթեր

Վահան Թոթովենց (1893Խարբերդ — հուլիսի 18, 1938ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: Ծնված լինելով Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, սովորելով ԱՄՆ-ում և ապա հաստատվելով խորհրդայնացված Հայաստանում՝ Թոթովենցն այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938 թվականին ստալինյան մաքրագործումների զոհերից է։

Մտածումի շիթեր

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։

***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

***Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։

***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։

[ էջ ]

***Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

***Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։

***Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն

[ էջ ]

բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

***Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

Рубрика: Գրականություն

Ռոբերտ Շեկլի Այն, ինչ չարժե ոչինչ

Ռոբերտ Շեկլի (հուլիսի 16, 1928Նյու ՅորքՆյու ՅորքԱՄՆ — դեկտեմբերի 9, 2005ՊոուկպիզիՆյու ՅորքԱՄՆ), ամերիկացի հայտնի գրող և ֆանտաստ, սյուժեի անսպասելի զարգացումով աչքի ընկնող բազմաթիվ ֆանտաստիկական վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ։ Նա մանկուց սիրել է կարդալ և երազում էր դառնալ գրող։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նյու-Յորքի համալսարանում։ Ծառայել է Կորեայում։ Միաժամանակ աշխատել է մետալուրգիական գործարանում։ 1950-ականներից սկսել է գրել առաջին պատմվածքները։ Իր կյանքի ընթացքում Շեկլին գրել է ավելի քան 15 վեպ, 400 պատմվածք և վիպակ, որոնք ներգրավված են 9 հեղինակային ժողովածուներում և թարգմանված են տարբեր լեզուներով։

Այն, ինչ չարժե ոչինչ

Բայց այդ ի՞նչ ձայն էր։ Թե՞ իրեն թվաց։ Դժվար էր ասել։ Ջոն Քոլինզը փորձեց հիշել։ Ինքը հոգնած պառկել էր մաճակալին՝ վերմակի վրա, առանց թրջված կոշիկներն հանելու։ Հայացքը հառել էր խոնավ ու ճաքճքած դեղին առաստաղին՝ դիտում էր, թե ինչպես է անձրեւաջուրը դանդաղ ու ողբագին կաթկթում։

Ըստ երեւույծի այդ ժամանակ էր եղել։ Քոլինզը մահճակալի մոտ մետաղի փայլ նշմարեց։ Նա նստեց։ Հատակին մի մեքենա կար, որն ակներեւաբար հենց նոր էր հայտնվել։

Զարմանքի այդ առաջին պահին Քոլինզին թվաց, թե ինչ֊որ հեռավոր ձայն ասաց․

— Ա՛յ այդտեղ։ Լավ է։

Ձայնի մասին վստահ ասելը դժվար էր։ Բայց մեքենայի հարցում կասկած լինել չէր կարող։

Քոլինզը ծնկի եկավ ու սկսեց զննել։ Մեքենան, որի մակերեսը մոտ երեք քառակուսի ոտնաչափ էր, կամաց դզզում էր։ Գորշ մակերեւույթը հարթ էր, միայն անկյունում մի կարմիր կոճակ կար, իսկ կենտրոնում՝ պղնձե տախտակ, որի վրա գրված էր․

«Ա կարգի ուտիլիզատոր[1], համարանիշ՝ ԱԱ—1256432»։

Իսկ դրա տակ՝

«Ուշադրություն։ Այս մեքենան պետք է օգտագործեն միայն Ա կարգի իրավունք ունեցողները»։

Եվ վերջ։

Չկային բռնակներ, թվահարթակներ, անջատիչներ եւ հարմարանքներ, որոնք Քոլինզի պատկերացմամբ պիտի ունենային մեքենաները։ Միայն պղնձե տախտակ, կարմիր կոճակ ու դզզոց։

— Որտեղի՞ց լույս ընկար,— հարցրեց Քոլինզը։ Ա կարգի ուտիլիզատորը շարունակում էր դզզալ։ Քոլինզը հույս չուներ էլ, թե պատասխան կստանա։ Մահճակալի եզրին նստած, նա մտախոհ նայում էր ուտիլիզատորին։ Ինչպե՞ս վարվել։

Քոլինզը ձեռքը զգուշորեն հպեց կարմիր կոճակին, հաշվի առնելով երկնքից ընկած մեքենաների հետ վարվելու իր փորձի պակասը։ Ի՞նչ կպատահի, եթե միացնի։ Հատակը կճեղքվի՞։ Առաստաղից կանաչ մարդուկնե՞ր կթափվեն։

Սակայն Քոլինզը կորցնելու ոչինչ չուներ, նույնիսկ ավելի քան ոչինչ։ Նա թույլ սեղմեց կոճակը։

Ոչ մի փոփոխություն։

— Դե լավ, մի բան արա,— վհատվելով ասաց Քոլինզը։

Ուտիլիզատորը շարունակում էր միայն մեղմ դզզալ։

Դե ի՞նչ, միշտ էլ կարելի է այն գրավ դնել։ Ազնիվ Չարքին մետաղի համար ամենաքիչը մի դոլլար կտա։ Քոլինզը փորձեց բարձրացնել ուտիլիզատորը։ Չստացվեց։ Նա, ուժերը լարելով, նորից փորձեց, եւ կարողացավ մի անկյունը մեկ մատնաչափ պոկել գետնից։ Քոլինզը բաց թողեց մեքենան եւ, ծանր շնչելով, նստեց մահճակալին։

— Պետք է մի երկու օգնող ուղարկած լինեիր,— ասաց Քոլինզն ուտիլիզատորին։ Անմիջապես դզզոցն ուժեղացավ եւ մեքենան սկսեց ցնցվել։

Քոլինզը ուշադրությունը սրեց, բայց միեւնույն է, ոչինչ չկատարվեց։ Ինչ֊որ բան նախազգալով, նա մեկնեց ձեռքը եւ սեղմեց կոճակը։

Անմիջապես հայտնվեցին կոպիտ արտահագուստներ հագած երկու հաղթամարմին տղամարդ։ Նրանք գնահատող հայացքով նայեցին ուտիլիզատորին։ Մեկն ասաց․

— Փառք աստծո, փոքր մոդելն է։ Մեծերը տանելուց մարդու հոգին դուրս է գալիս։

Մյուսը պատասխանեց․

— Բայց մարմարի հանքից հո՞ լավ է։

Նրանք նայեցին իրենց դիտող Քոլինզին։ Ի վերջո առաջին տղամարդն ասաց․

— Լսի, մինչեւ գիշեր հո չե՞նք կանգնելու։ Ո՞ւր տանենք։

— Ո՞վ եք դուք,— մի կերպ արտաբերեց Քոլինզը։

— Էլ ո՞վ։ Տանողներ։ Չլինի՞ կարծեցիր Վանիզազգի քույրերն ենք։

— Բայց որտեղի՞ց եկաք,— հարցրեց Քոլինզը։— Եվ ինչո՞ւ։

— Մենք եկանք «Փոուհա Միննայլի տանողներ» միացյալ ընկերությունից,— ասաց տղամարդը։— Եվ եկանք, որովհետեւ դու տանողներ ուզերից։ Հիմա ո՞ւր ես ուզում տանենք։

— Գնացեք,— ասաց Քոլինզը։— Ես ձեզ հետո կկանչեմ։

Տանողներն ուսերը թոթվեցին եւ անհետացան։ Մի քանի րոպե Քոլինզը սեւեռուն նայում էր այն կետին, որտեղ մի վայրկյան առաջ նրանք էին կանգնած։ Հետո հայացքը փոխադրեց Ա կարգի ուտիլիզատորին, որը նորից մեղմ դզզում էր։

Ուտիլիզատո՞ր։ Ավելի լավ անուն կարելի է գտնել։

Ցանկությունները կատարող մեքենա։

Չի կարելի ասել, թե Քոլինզը ցնցված էր։ Երբ հրաշքը տեղի է ունենում, միայն սահմանափակ մտածողության տեր մարդիկ ի վիճակի չեն լինում ընդունել կատարվածը։ Քոլինզն իհարկե, այդպիսին չէր։ Նա ամբողջ էությամբ պատրաստ էր հրաշքն ընդունելու։

Քոլինզն ամբողջ կյանքում տենչացել, հուսացել ու աղոթել էր, որ մի հրաշք կատարվի իր հետ։ Դպրոցում երազում էր, թե մի առավոտ կարթնանա ու կտեսնի, որ կարողանում է տնային աշխատանքը կատարել առանց սովորելու ձանձրալի անհրաժեշտության։ Բանակում նա ուզում էր, որ մի կախարդ կամ ջին փոխի հրամանները, եւ իրեն, փոխանակ ստիպելու, որ մյուսների նման շարային վարժություններ անի, նշանակեն հանգստյան սենյակի գլխավոր։

Բանակից հետո Քոլինզը խուսափել էր աշխատանքից, որին պատրաստ չէր հոգբանորեն։ Նա թափառում էր, հուսալով, որ հեքիաթային հարուստ անձնավորության թելադրված կլինի փոխել կտակը եւ իրեն թողնել Ամեն ինչ։

Ճիշտ է, այնքան էլ լրջորեն չէր սպասում, թե մի բան կլինի։ Բայց երբ եղավ, նա պատրաստ էր։

— Ես կուզեի հազար դոլլար փոքր, չցուցակագրված թղթադրամներով,— զգուշորեն ասաց Քոլինզը։ Երբ դզզոցն ուժեղացավ, սեղմեց կոճակը։ Նրա առջեւ հայտնվեց մեկ, հինգ եւ տասը դոլարանոցների հնամաշ կույտ։ Ու թեեւ թղթադրամները ճռճռան չէին, բայց անշուշտ իսկական էին։

Քոլինզը վերցրեց մի բուռ, շպրտեց դեպի վերեւ եւ դիտեց, թե թղթի կտորներն ինչպես են գեղեցիկ իջնում ու պառկում հատակին։ Նա պառկեց մահճակալին ու սկսեց ծրագրեր կազմել։

Նախ, հարկավոր էր մեքենան տանել Նյու֊Յորքից, գուցե մինչեւ անգամ նահանգից եւ գնալ այնպիսի տեղ, որտեղ ուրիշի գործերի մեջ քիթները խոթող հարեւաններ չէին լինի։ Այս տեսակ ապրանքի հետ կապված եկամտահարկը պետք է որ կլորիկ թիվ կազմեր։ Գուցե, երբ գործերը կարգավորվեին, գնար Կենտրոնական Ամերիկա, կամ…

Սենյակում կասկածելի աղմուկ լսվեց։

Քոլինզը վեր թռավ։ Պատի մեջ անցք էր բացվում, որի միջով ինչ֊որ մեկը ճգնում էր ներս գալ։

— Հեյ, ես ոչինչ չեմ խնդրել,— ասաց Քոլինզը մեքենային։

Անցքը լայնացավ, եւ երեւաց մի գեր, կարմրադեմ տղամարդ, որն արդեն անցել էր պատի կեսը եւ զայրացած շարունակում էր ճանապարհ հարթել։

Այդ պահին Քոլինզը հիշեց, որ մեքենան սովորաբար տեր է ունենում։ Եվ այդ տերը, ով էլ որ լինի, այնքան էլ հաճույքով չի ընդունի ցանկությունների կատարող իր մեքենայի կորուստը։ Այդ կորուստը վերականգնելու համար նա ամեն քայլի կդիմի։ Գուցե նույնիսկ…

— Պաշտպանի՛ր ինձ,— ուտիլիզատորի վրա գոռաց Քոլինզը եւ ամբողջ ուժող սեղմեց կարմիր կոճակը։

Հայտնվեց վառ գույնի պիժամայով մի ցածրահասակ, ճաղատ մարդ։

— Սանիսա Լիք, «ժամանակային պատնեշի պաշտպանության» ծառայությունից,— քունը գլխին հորանջելով եւ աչքերը տրորելով ասաց նա։— Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

— Հեռացրե՛ք նրան այստեղից,— բղավեց Քոլինզը։ Կարմրադեմ մարդը, ձեռքերը կատաղորեն թափահարելով, արդեն անցքից դուրս էր գալիս։

Լիքը պիժամայի գրպանից մի կտոր փայլուն մետաղ հանեց։ Կարմրադեմ մարդը գոռաց․

— Սպասե՛ք։ Դուք չե՛ք հասկանում։ Այդ մարդը…

Լիքը մետաղի կտորով նշան բռնեց նրա վրա։ Կարմրադեմ մարդը ճչաց ու չքվեց։ Մի ակնթարթում անհետացավ նաեւ անցքը։

— Սպանեցի՞ք նրան,— հարցրեց Քոլինզը։

— Իհարկե ոչ,— ասաց Լիքը, մետաղի կտորը գրպանը դնելով։— Ես պարզապես նրան ետ շպրտեցի իր ժամանակահատվածը։ Այդ ճանապարհը նա այլեւս չի փորձի։

— Ուզում եք ասել ուրի՞շ ճանապարհ կփորձի,— հարցրեց Քոլինզը։

— Հնարավոր է,— պատասխանեց Լիքը։— Նա կարող է միկրոտեղափոխում փորձել, կամ նույնիսկ կենդանացում։— Նա ուշադիր նայեց Քոլինզին։— Սա ձեր ուտիլիզատորն է, այնպես չէ՞։

— Իհարկե,— սկսելով քրտնել, ասաց Քոլինզը։

— Եվ դուք Ա կարգի իրավունք ունեցո՞ղ եք։

— Բնականաբար,— ասաց Քոլինզը։— Եթե ոչ, ի՞նչ գործ ունեի ուտիլիզատորի հետ։

— Մի նեղացեք,— քնկոտ ձայնով ասաց Լիքը,— ուղղակի ընկերական հարց եմ տալիս։— Նա գլուխը դանդաղ օրորեց։— Ա՜յ թե ման եք գալիս դուք՝ «Ա»֊երդ։ Երեւի ետ եք եկել այստեղ պատմական գիրք գրելու։

Քոլինզը հանելուկային ժպտաց։

— Դե լավ, ես գնացի,— լայն հորանջով ասաց Լիքը։— Գիշեր֊ցերեկ ոտքի վրա եմ։ Ավել լավ էր հանքում լինեի։

Եվ նա հորանջելու կեսից չքվեց։

Անձրեւը շարունակում է թմբկահարել տանիքին։ Օդափոխման անցքի միջից առաջվա պես լսվում էր հարեւանների խռմփոցը։ Քոլինզը նորից մեն֊մենակ էր մեքենայի հետ…

… Եվ հատակին թափթփված փոքր թղթադրամներով հազար դոլլարի։

Նա քնքշորեն շոյեց ուտիլիզատորը։ Լավ են ապրում այդ Ա կարգի իրավունք ունեցողները։ Մի բա՞ն ես ուզում։ Անունը տուր եւ կոճակը սեղմիր։ Պարզ է, որ իսկական տերը շատ կափսոսի։

Լիքն ասաց, որ նա կարող է ուրիշ ճանապարհ փորձել։ Ի՞նչ ճանապարհ։

Ա՛հ, ինչ ուզում է, թող անի։ Կամաց շվշվացնելով, Քոլինզը հավաքեց թղթադրամները։ Ժամանակն էր օգտվել Ցանկություն կատարող մեքենայից։

Հաջորդ մի քանի օրերը մեծ փոփոխություններ բերեցին Քոլինզի ճակատագրում։ «Փոուհա Միննայլի» տանողների օգնությամբ նա ուտիլիզատորը տարավ հյուսիս։ Այնտեղ նա գնեց Ադիրոնդաք լեռնաշղթայի մոռացված սարերից մեկը։ Հենց որ ստացավ թղթերը, գնաց իր տիրույթը՝ ճանապարհից մի քանի մղոն հեռու։ Տանողները, որոնցից քրտինքը հոսում էր առվի նման, Քոլինզի հետեւից քարշ էին տալիս ուտիլիզատորը, խիտ մացառուտների միջով ճանապարհ հարթում եւ միապաղաղ ձայներով անիծում․

— Դրեք այստեղ ու կորեք,— ասաց Քոլինզը։ Վեջրին օրերը շատ էին նպաստել նրա ինքնավստահության ամրապնդմանը։

Տանողները հոգնած հառաչեցին եւ չքվեցին։ Քոլինզը շուրջը նայեց։ Բոլոր կողմերից, ուր մարդու աչքը կտրում էր, կեչիների եւ սոճիների թավուտներ էին։ Օդը քաղցր էր, խոնավ։ Ծառերի գագաթներին ուրախ ճռվողում էին թռչունները, մերթընդմերթ մի սկյուռ էր սուրում֊անցնում կողքով։

Բնությո՜ւն։ Նա միշտ էլ սիրել էր բնությունը։ Այս տեղը շատ հարմար կլիներ մեծ, կարգին տուն կառուցելու՝ լողավազանով, թենիսի հրապարակով եւ, գուցե, փոքրիկ օդանավակայանով։

— Ես տուն եմ ուզում,— վճռականորեն հայտարարեց Քոլինզը եւ սեղմեց կարմիր կոճակը։

Հայտնվեց մոխրագույն կոստյումով եւ պենսնեով մի մարդ։

— Այո, սըր,— ասաց նա, աչքերը կկոցած ծառերին նայելով,— բայց ավելի կոնկրետ։ Որեւէ դասակա՞ն բան եք ուզում՝ ասենք բունգալո, ռանչո, բնակարան, առանձնատուն, ամրոց կամ պալատ։ Թե՞ պարզ ու հասարակ, օրինակ՝ իգլու[2] կամ խրճիթ։ Քանի որ «Ա» եք, կարող եք որեւէ խիստ ժամանակակից բան պատվիրել՝ ասենք Կիսադեմ, կամ Նոր լայնարձակ, կամ Սուզված փոքրածավալ։

— Հը՞,— ասաց Քոլինզը։— Չգիտեմ։ Դուք ի՞նչ կառաջակրեիք։

— Փոքրիկ դղյակ,— անմիջապես պատասխանեց պենսնեով մարդը,— բոլորն էլ, սովորաբար, դրանից են սկսում։

— Իրո՞ք։

— Իհարկե։ Հետո տեղափոխվում են տաք երկրներ եւ պալատ կառուցում։

Քոլինզն ուզում էր էլի հարցեր տալ, բայց միտքը փոխեց։ Ամեն ինչ շատ հարթ էր ընթանում։ Այդ մարդիկ կարծում էին, թե ինքը «Ա» է եւ ուտիլիզատորի իսկական տերը։ Կարիք չկար խորտակել նրանց պատրանքները։

— Հետեւեք, որ ամեն ինչ տեղը տեղին լինի,— ասաց նա։

— Իհարկե, սըր։ Ես միշտ էլ այդպես եմ վարվում։

Օրվա մնացած մասը Քոլինզն անցկացրեց բազմոցին թիկնած։ Նա սառույցով վիսկի էր խմում, մինչդեռ «Մաքսիմա Օլֆ» շինարարական ընկերության աշխատակիցները նյութավորեցին սարքավորումները եւ սկսեցին կառուցել տունը։ Շուտով վեր խոյացավ քսան սենյականոց մի դղյակ, որը Քոլինզին տվյալ հանգամանքներում բավական համեստ շինություն թվաց։ Դղյակը կառուցված էր շատ բարեխղճորեն՝ նախագծել էր Դեգմայի Միգը, կահավորել՝ Թոուիգը, ջրավազանը «Մուլա» տեսակի էր, իսկ պարտեզը՝ «Վիերյեն»։

Երեկոյան աշխատանքներն ավարտվեցին, բանվորների փոքրիկ ջոկատը հավաքեց իր սարքավորումները եւ չքվեց։
Քոլինզը կարգադրեց իր խոհարարին թեթեւ ընթրիք պատրաստել։ Հետո նստեց լայն, զով հյուրասենյակում ու սկսեց մտածել կատարվածի մասին։ Նրա դիմաց տեղ էր գտել մեղմ դզզացող ուտիլիզատորը։

Քոլինզը սիգար վառեց եւ ներշնչեց անուշահոտ բուրմունքը։ Միանգամից խաչ քաշեց բոլոր գերբնական բացատրությունների վրա։ Չար ոգիներն ու սատանաներն այս ամենի հետ կապ չունեին։ Տունը կառուցել էին սովորական մարդիկ, որոնք բոլորի նման հայհոյում էին, ծիծաղում ու անիծում։ Ուտիլիզատորը պարզապես մեքենա էր, այն աշխատում էր ինչ֊ինչ գիտական հիմունքներով, ոք Քոլինզը չէր հասկանում եւ չէր էլ ուզում հասկանալ։

Գուցե ուրիշ մոլորակի՞ց էր եկել։ Դժվար թե։ Հո միայն իր համար անգլերեն չէի՞ն սովորի։

Ուտիլիզատորը հավանաբար եկել էր Երկրի ապագայից։ Բայց ինչպե՞ս։

Քոլինզն ավելի խոր թիկնեց եւ ծուխը դուրս փչեց։ Ամեն ինչ հնարավոր է։ Ուտիլիզատորը կարող է պարզապես ընկած լինել անցյալ։ Ավելի բարդ է այն, որ այդ գործիքը կարող է ոչնչից ստեղծել ամեն ինչ։

— Ի՛նչ հրաշալի ապագա,— մտածեց Քոլինզը։— Ցանկություններ կատարող մեքենաներ։ Այ քեզ առաջադիմություն։ Հարկավոր է միայն մտածել ուզածիդ մասին։ Մեկ, երկուս եւ պատրաստ է։ Ժամանակի ընթացքում, իհարկե, կարմիր կոճակը կվերացնեն։ Եվ ձեռքի աշխատանքը լրիվ կվերանա։

Իհարկե, պետք է յոթ չափել, մեկ կտրել։ Գոյություն ունի տեր… եւ ուրիշ «Ա»֊եր։ Նրանք կփորձեն մեքենան խլել իրենից։ Երեւի այդ «Ա»֊երը ժառանգական արտոնություն ոնեցող խումբ են…

Քոլինզն աչքի պոչով ինչ֊որ շարժում նշմարեց եւ նայեց ուտիլիզատորին։ Մեքենան դողդողում էր, ինչպես տերեւն աշնան քամուց։

Մռայլ խոժոռվելով, Քոլինզը մոտեցավ ուտիլիզատորին, որի շուրջը տաքությունից գոլորշու թույլ ամպ էր գոյացել։ Չլինի՞ երկար աշխատելուց տաքացել է։ Գուցե մի դույլ ջուր…

Հանկարծ նա նկատեց, որ ուտիլիզատորը նկատելիորեն փոքրացել է։ Մակերեսը հազիվ երկու քառակուսի ոտնաչափ էր եւ այն էլ աստիճանաբար նվազում էր։

Տե՛րի։ Կամ գուցե «Ա»֊ները։ Երեւի սա Լիքի ասած միկրոտեղափոխումն է։ Քոլինզը հասկացավ, որ եթե շտապ մի բան չանի, ցանկություն կատարող մեքենան այնքան կփոքրանա, որ կանհետանա։

— Լիքի «Պահխպանության ծառայություն»,— շուտասելուկով վրա բերեց Քոլինզը։ Նա սեղմեց կոճակը եւ անմիջապես ձեռքը ես քաշեց։ Մեքենան շատ տաք էր։

Սենյակի անկյունում հայտնվեց Լիքը՝ հագին սպորտային շորեր, ձեռքին գոլֆի մական։

— Հիմա ի՞նչ է, պետք է ամեն անգամ հանգստիս պահին…

— Մի բա՛ն արա,— գոռաց Քոլինզը, մատնացույց անելով ուտիլիզատորը, որն այժմ ընդամենը մի քառակուսի ոտնաչափ մակերես ուներ եւ մուգ կարմիր գույն էր ստացել։

— Ոչինչ չեմ կարող անել,— ասաց Լիքը։ Ես իրավասու եմ զբաղվել միայն ժամանակային պատով։ «Միկրոկարգավորման ընկերությանը» դիմեք։— Նա տարուբերեց մականը եւ անհետացավ։

— Միկրոկարգավորո՛ւմ,— ասաց Քոլինզը եւ ձեռքը մեկնեց կոճակին։ Ապա Շտապ ետ քաշեց։ Ուտիլիզատորն այժմ ընդամենը չորս մատնաչափ լայնություն ուներ եւ բոսորագույն փայլ էր ստացել։ Կոճակը, որ ասեղի չափ էր դարձել, հազիվ էր երեվում։

Քոլինզը շրջվեց, շտապ մի բարձ ճանկեց եւ սեղմեց կոճակի վրա։

Հայտնվեց եղջերաշրջանակ ակնոցով մի աղջիկ, ձեռքին նոթատետր ու մատիտ։

— Ո՞ւմ հետ կուզեիք պայմանավորվել,— հանգիստ հարցրեց նա։

— Շտապ օգնեք ինձ,— բղավեց Քոլինզը, տեսնելով, թե թանկագին ուտիլիզատորն ինչպես է ավելի ու ավելի փոքրանում։

— Միստր Վերգընը ճաշում է,— ասաց աղջիկը, մատիտը մտածկոտ կրծելով։— Նա իրեն դե֊զոնացրել է։ Չեմ կարող հետը կապվել։

— Իսկ ո՞ւմ հետ կարող ես կապվել։

Աղջիկը նայեց նոթատետրին։

— Միստր Վիսը Դիեգյան տարածքաժամանակային հատվածում է, իսկ միստր Էլզիսը պատեոլիտյան Եվրոպայում դաշտային աշխատանք է անում։ Եթե այդքան շտապում եք, գուցե դիմեք «Տեղափոխակետային գործակալությանը»։ Այն ավելի փոքր ընկերություն է, բայց…

— Տեղափոխակետային գործակալություն։ Օʼքել, չքվիր։— Քոլինզը խանձված բարձր սեղմեց ուտիլիզատորին։ Ոչինչ չկատարվեց։ Ուտիլիզատորն այժմ հազիվ կես քառակուսի մատնաչափ մակերեւույթ ուներ, եւ Քոլինզը հասկացավ, որ բարձը չի դիպչում համարյա անտեսանելի կոչակին։

Մի պահ Քոլինզը մտածեց, թե գուցե թողնի, որ ուտիլիզատորն անհետանա։ Երեւի ժամանակը եկել էր։ Կարելի էր վաճառել տունը, կահույքը եւ շատ կարգին ապրել…

Ո՛չ։ Ինքը դեռ ոչ մի կարեւոր բան չի ուզել։ Նրանց չի հաջողվի ուտիլիզատորն առանց պայքերի խլել իրենից։

Կամք գործադրելով, որպեսզի աչքերը բաց պահի, Քոլինզը կարծրացած մատով սեղմեց շիկացումից սպիտակած կոճակը։

Հայտնվեց մի նիհար, քրջոտ հագնված ծերուկ, ձեռքին վառ գույնի ինչ֊որ առարկա, որ զատկի ձու էր հիշեցնում։ Ծերուկը ձուն ցած շպրտեց, այն պայթեց, նարնջագույն ծուխ արձակելով։ Անսահման փոքրացած ուտիլիզատորը կլանեց այդ ծուխը։ Քոլինզը քիչ էր մնում խեղդվեր ծխից։ Ապա ուտիլիզատորը սկսեց վերստանալ իր նախկին չափերը։ Շուտով մեքենան նորմալ տեսք ստացավ՝ այն ակներեւորեն անվնաս էր։ Ծերուկը գլխով արեց։ Մենք շքեղ չենք,— ասաց նա,— բայց հուսալի ենք։— Նա կրկին գլխով արեց եւ անհետացավ։

Քոլինզին թվաց, թե հեռվից իր ականջին զայրալից գոռոց հասավ։

Թուլացած, նա նստեց հատակին, մեքենայի դիմաց։ Այրված մատը ցավից բաբախում էր։

— Լավացրու ինձ,— չորացած շրթունքներով մրթմրթաց Քոլինզը եւ անվնաս ձեռքով սեղմեց կոճակը։

Մի պահ դզզոցն ուժեղացավ, հետո նորից թուլացավ։ Վառված մատը միանգամից դադարեց ցավել եւ Քոլինզը տեսավ, որ այրվածքներ չկան՝ նույնիսկ աննշան սպի չի մնացել։

Քոլինզը մի բաժակ լիքը բրենդի լցրեց, խմեց եւ անմիջապես պառկեց քնելու։ Ամբողջ գիշեր երազում նրան հսկայական Ա տառ էր հետապնդում, բայց առավոտյան նա մոռացավ այդ մասին։
Մեկ շաբաթից Քոլինզը հասկացավ, որ անտառների մեջ դղյակ կառուցելն ամենասխալ բանն է եղել։ Ստիպված էր պահապանների մի ամբողջ վաշտ վարձել, որպեսզի հեռու քշի հետաքրքրասերներին եւ որսորդներին, որոնք չգիտես ինչու ցանկանում էին ճամբար խփել նրա պարտեզներում։

Բացի այդ, «Եկամտահարկերի դեպարտամենտը» սկսեց աշխույժ հետաքրքրություն դրսեւորել նրա գործերի նկատմամբ։

Սակայն, ամենակարեւորը, Քոլինզը հայտնաբերեց, որ ինքը բնության այնքան էլ սիրահար չէ։ Թռչունները եւ սկյուռները շատ լավ բաներ էին, բայց նրանց չէր կարելի հետաքրքիր զրուցակիցներ անվանել։ Ծառերն էլ, չնայած իրենց վեհագեղությանը, լավ բաժակակիցներ չէին։

Քոլինզը որոշեց, որ ինքը հոգու խորքում քաղաքի տղա է։

Ուստի «Փոուհա Միննայի» տանողների, «Մաքսիմա օլֆ» շինարարական ընկերության, «Ջագթըն ակընթարթային» ճանապարհորդական բյուրոյի եւ ում որ հարկն է տված բավական գումարի օգնությամբ, Քոլինզը տեղափոխվեց Կենտրոնական Ամերիկայի մի փոքրիկ հանրապետություն։ Այնտեղ, քանի որ կլիման ավելի տաք էր, իսկ եկամտահարկ չկար, նա մի մեծ, նրբագեղ, միտումնավոր շքեղ պալատ կառուցեց։

Պալատում կար այն ամենն, ինչ սովորաբար լինում է պալատնվերում՝ ձիեր, շներ, սիրամարգեր, նաժիշտներ, թիկնապահներ, պահապաններ, երաժիշտներ, բազմաթիվ պարուհիներ եւ այլն։ Միայն երկու շաբաթ Քոլինզը կորցրեց իր կացարանն ուսումնասիրելու վրա։

Առժամանակ ամեն ինչ լավ էր ընթանում։

Մի առավոտ Քոլինզը մոտեցավ ուտիլիզատորին, չիմանալով ինչ խնդրի՝ սպորտային ավտոմեքենա՞, թե միգուցե ցեղական կովերի փոքրիկ նախիր։ Նա կռացավ, որպեսզի սեղմի գորշ մեքենայի կարմիր կոճակը…

Եվ հանկարծ ուտիլիզատորը ետ ցատկեց։

Մի պահ Քոլինզին թվաց, թե աչքին է երեւում եւ նա մտքում որոշեց վերջ տալ նախաճաշից առաջ շամպայն խմելուն։ Հետո մի քայլ առաջ գնաց եւ ձեռքը մեկնեց կարմիր կոճակին։

Ուտիլիզատորը ճարպկորեն խույս տվեց եւ վարգով դուրս գնաց սենյակից։

Քոլինզը սուրաց նրա ետեւից, հայհոյելով տիրոջը եւ «Ա»֊երին։ Երեւի սա Լիքի ասած կենդանացումն է՝ տերն ինչ֊որ ձեւով կարողացել է մեքենային շարժունակություն հաղորդել։ Ոչինչ։ Հարկավոր է միայն ետեւից հասնել, կոճակը սեղմել եւ «Կենդանացման գործակալությունից» մեկնումեկին կանչել։

Ուտիլիզատորը սլանում էր դահլիճով, Քոլինզը կրկնակոխ հետեւում էր նրան։ Դռան ծանր ոսկե բռնակը փայլեցնող մի լակեյ բերանը բաց նայում էր․

— Բռնի՛ր,— գոռաց Քոլինզը։

Լակեյն անշնորհք կտրեց ուտիլիզատորի ճանապարհը։ Մեքենան հմտորեն խաբս տվեց եւ նետվեց դեպի գլխավոր դուռը։

Քոլինզը մի կոճակ սեղմեց, եւ դուռը շրխկոցով փակվեց։

Ուտիլիզատորը թափ հավաքեց, հարվածեց դռանը եւ դուրս թռավ։ Ազատության մեջ հայտնվելով, ցակտոտեց պարտեզի ջրախողովակի երկայնքով, հավասարակշռությունը վերականգնեց եւ դիմեց դեպի գլխավոր ճանապարհը։ Քոլինզը հեւիհեւ վազում էր։ Եթե հաջողվեր մի քիչ ավելի մոտենալ…

Հանկարծ ուտիլիզատորը օդ ցատկեց։ Մի երկար պահ կախված մնաց օդում, հետո ընկավ գետնին։ Քոլինզը նետվեց կոճակի վրա։

Ուտիլիզատորը խույս տվեց, մի քանի քայլ վազեց ու նորից ցատկեց։ Մի քանի վայրկյան կախված էր գլխավերեւու՝ քսան ոտնաչափ բարձրության վրա, հետո մի քիչ վեր լողաց, նորից անշարժացավ, կատաղորեն պտտվեց ու ընկավ։

Քոլինզը վախենում էր, որ երրորդ թռիչքի ժամանակ այն կշարունակի բարձրանալը, մինչեւ կանհետանա։ Երբ ուտիլիզատորը դժկամությամբ իջավ գետին, Քոլինզը պատրաստ էր։ Նա նետվեց ու սեղմեց կոճակը։ Ուտիլիզատորը այլեւս չհասցրեց խույս տալ։

— Կենդանացման գործակալությո՛ւն,— հաղթական բղավեց Քոլինզը։

Տեղի ունեցավ փոքր պայթյուն եւ ուտիլիզատորը հնազանդ լռվեց տեղում։ Կենդանացման նշույլ իսկ չմնաց։

Քոլինզը ճակատը սրբեց, նստեց մեքենայի վրա։ Ժամ առ ժամ ավլեի վտանգավոր է դառնում։ Ավլեի լավ է մի կարգին ցանկություն հայտնի հիմա, քանի դեռ հնարավորություն կա։

Արագ֊արագ, իրար ետեւից, նա ուզեց հինգ միլիոն դոլլար, երեք գործով նավթահոր, կինոստուդիա, կատարյալ առողջություն, եւս քսանհինգ պարուհի, անմահություն, սպորտային ավտոմեքենա եւ ցեղական կովերի նախիր։

Քոլինզին թվաց, թե կամացուկ փռթկոց լսվեց։ Նա նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։

Երբ ետ շրջվեց, ուտիլիզատորը չքվել էր։

Քոլինզի բերանը բաց մնաց։ Եվ, հաջորդ վայրկյանին, չքվեց ինքը։
Երբ աչքերը բացեց, տեսավ, որ կանգնած է գրասեղանի առաջ։ Դիմացը նստած էր մարմնեղ, կարմրադեմ այն մարդը, որը փորձել էր պատի միջով սենյակ մտնել։ Նա զայրացած տեսք չուներ։ Ավելի շուտ հնազանդ էր, նույնիսկ մելամաղձոտ։

Քոլինզը մի պահ լուռ կանգնեց, ափսոսելով, որ ամեն ինչ վերջացավ։ Տերը եւ «Ա»֊երը վերջապես բռնեցին իրեն։ Բայց գերազանց ժամանակ անցկացրեց։

— Դե,— ասաց Քոլինզը,— ձեր մեքենան ետ ստացաք։ Էլ ի՞նչ եք ուզում։

— Իմ մեքենա՞ն,— կասկածանքով ասաց կարմրադեմ մարդը,— դա իմ մեքենան չէ, սըր։ Ամենեւին։

Քոլինզն ապշած նայեց նրան։

— Ինձ հիմարի տեղ մի դրեք, միստր։ Դուք՝ Ա կարգի իրավունք ունեցողներդ, ուզում եք պահպանել ձեր մենաշնորհը, այնպես չէ՞։

Կարմրադեմ մարդը թղթերը ցած դրեց։

— Միստր Քոլինզ,— սառնորեն ասաց նա,— իմ անունը Ֆլայն է։ Ես քաղաքացիների պաշտպանության միության գործակալ եմ՝ անշահախնդիր մի կազմակերպություն, որի նպատակը ձեզ պես անհատներին սխալ դատողություններից եւ արարքներից ետ պահելն է։

— Ուզում եք ասել, թե դուք «Ա»֊երից մեկը չե՞ք։

— Դուք չարաչար սխալվում եք, սըր,— հանգիստ ու արժանապատվորեն ասաց Ֆլայնը։— Ա կարգի իրավունք ունեցողները սոցիալական խումբ չեն, ինչպես ձեզ թվում է։ Ա կարգը պարզապես ապառիկ գնումների կարգ է։

— Ի՞նչ,— դանդաղ հարցրեց Քոլինզը։

— Ապառիկ գնման կարգ։— Ֆլայնը նայեց ձեռքի ժամացույցին։— Մենք շատ ժամանակ չունենք, ուստի հնարավորին չափ համառոտ կասեմ։ Մեր դարը, միստր Քոլինզ, ապատենտրոնացման դար է։ Մեր հինմարկները, արդյունաբերական եւ կենցաղային սպասարկման օբյեկտները ցիրուցան են եղած տիեզերքով ու ժամանակով մեկ։ «Ուտիլիզացիոն գործակալությունը» կարեւոր կապող օղակ է, որն ապահովում է իրերի եւ ծառայությունների տեղից տեղ փոխադրումը։ Հասկանալի՞ է։

Քոլինզը գլխով արեց։

— Ապառիկ արեւտուրն, իհարկե արտոնություն է։ Բայց, ի վերջո, ամեն ինչի համար պետք է վճարել։

Քոլինզին դուր չեկավ իր լսածը։ Վճարե՞լ։ Այս ապագան այնքան էլ առաջադիմական չէ։ Ոչ ոք վճարելու մասին չէր խոսել։ Ինչո՞ւ հիմա հանկարծ հիշեցին։

— Ինչո՞ւ ինձ ոչ ոք չկանգնեցրեց,— հուսահատ հարցրեց Քոլինզը։— Նրանք պետք է իմանայի որ ես իրավունք չունեմ։

Ֆլայնը գլուխն օրորեց։

— Ապառիկ առեւտուրն առաջարկություն է, ոչ թե օրենք։ Քաղաքակիրթ աշխարհում անհատն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու։ Շատ ներողություն, սըր։— Նա կրկին նայեց իր ժամացույցին եւ Քոլինզին տվեց իր ձեռքի թուղթը։— Բարի չէի՞ք լինի ընթերցեք այս հաշիվը եւ ասել, արդյոք ամեն ինչ կարգի՞ն է։

Քոլինզը վերցրեց թուղթը եւ կարդաց․

Մի պալատ, իր պատկանելություններով… 450000000 վարկ։

«Փոուհա Մինայլի» տանողների ծառայությունները… 111000 վարկ։

122 պարուհի ……… 122000000 վարկ։

Կատարյալ առողջություն ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 888234051 վարկ։

Նա արագ աչքի անցկացրեց ցուցակը։ Ամբողջն իրար հետ կազմում էր տասնութ բիլիոն վարկից մի քիչ ավել։

— Սպասե՛ք, մի րոպե,— գոռաց Քոլինզը։— Ինձնից չեք կարող այդքան բան պահանջել։ Ուտիլիզատորն իմ սենյակում պատահաբար հայտնվեց։

— Հենց այդ փաստի վրա էլ ուզում եմ հրավիրել նրանց ուշադրությունը,— ասաց Ֆլայնը։— Ո՞վ գիտե։ Գուցե պահանջները չափավոր են։ Փորձելը վնաս չի տա։

Քոլինզը զգաց, որ հատակը ոտքերի տակ օրորվում է։ Ֆլայնի դեքմը սկսեց հալվել։

— Ժամանակը սպառվեց,— ասաց Ֆլայնը։— Հաջողություն եմ ցանկանում։

Քոլինզը փակեց աչքերը։
Երբ նորից բացեց, կանգնած էր մի ամայի հարթավայրում, որ շրջապատված էր սրածայր լեռներով։ Ցուրտ քամին ձաղկում էր նրա երեսը, երկինքը պողպատի գույն ուներ։

Կողքը մի քրջոտ հագնված մարդ էր կանգնած։

— Առ, — ասաց նա եւ Քոլինզի ձեռքը մի քլունգ տվեց։

— Սա ի՞նե է։

— Սա քլունգ է,— համբերությամբ բացատրեց քրջոտ հանված մարդը։— Իսկ այ այնտեղ հանքն է, որտեղ դու, ես եւ մի քանի ուրիշները մարմար ենք հանելու։

— Մարմա՞ր։

— Իհարկե։ Միշտ կան ապուշներ, որոնք պալատ են ուզում,— ծուռ ժպիտով ասաց Քոլինզը զրուցակիցը։— Կարող ես իձ անվանել Ջանգ։ Մենք որոշ ժամանակ իրար հետ կլինենք։

Քոլինզն աչքերն անմտորեն թարծեց․

— Ինչքա՞ն։

— Ինքդ հաշվիր։ Աշխատանքիդ դիմաց ամսեկան հիսուն վարկ պարտքիցդ կհանվի։

Քլունգն ընկավ Քոլինզի ձեռքից։ Չի կարող պատահել։ Մի՞թե իր պես այդպես կվարվեն։ «Ուտիլիզացիոն գործակալությունը» պետք է իր սխալը հասկացած լինի։ Չէ՞ որ հենց իրենք էին սխալվել, թույլ տալով, որ մեքենան ընկնի անցյալ։ Մի՞թե չեն հասկանում։

— Սա սխալմո՛ւնք է,— ասաց Քոլինզը։

— Ոչ մի սխալմունք,— պատասխանեց Ջանգը։— Նրանք աշխատուժի սուր կարիք ունեն։ Ստիպված որտեղից ասես հավաքագրում են։ Արի։ Առաջին հազար տարուց հետո կսովորես։

Քոլինզն արդեն Ջանգի ետեւից գնում էր հանք։ Նա կանգ առավ։

— Առաջին հազար տարո՞ւց։ Ես այդքան չեմ ապրի։

— Իհարկե կապրես,— հավատացրեց Ջանգը։— Անմահություն ես ստացել, չէ՞։

Այո, ստացել էր։ Ինքն անմահություն էր խնդրել մեքենայի անհետանալուց անմիջապես առաջ։ Թե՞ նրանք էին մեքենան ետ վերցրել այն բանից հետո, երբ ինքն անմահություն ուզեց։

Քոլինզը մի բան հիշեց։ Տարօրինակ է, բայց նա չէր հիշում, որ Ֆլայնի տված հաշվի մեջ անմահության մասին գրված լիներ։

— Իսկ անմահությունը վրաս ինչքան են հաշվել,— հարցրեց նա։

Ջանգը նայեց Քոլինզին ու ծիծաղեց։

— Միամիտ֊միամիտ մի խոսիր, բարեկամս։ Մինչեւ հիմա պետք է հասկացած լինեիր։

Նրանք մոտենում էին հանքին։

— Նրանց մոտ դա միակ բանն է, որ չարժե ոչինչ։

Рубрика: Գրականություն

Վիլյամ Սարոյան

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 — 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ:

 

Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937թ., «Ողջույն քեզ, սեր», 1938թ., «Անունս Արամ է», 1940թ., «Սիրելիս», 1944թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են: Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես`   մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:
Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1961թ., Մոսկվայում՝ 1962թ.), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1981թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942թ., հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981թ.) ևն:
1942թ. Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939-1945թթ.) և պատերազմն առհասարակ նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944թ. արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946թ.) վեպում: 1950-1960-ական թթ. գրողն ապրել է Եվրոպայում, ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք:
1960թ. նա վերադարձել է ԱՄՆ, գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Եղիշե Չարենցին և ուրիշներին: Ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.:
Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է`   իր աճյունի մի մասը պետք է թաղվի հայրենի հողում: Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները: Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008թ. գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
Рубрика: Հասարակագիտություն

Մարդկային հասարակություն

Մարդու հիմնական հատկությունները: Մարդու ինքնության հիմնահարցը: Մարմնի և հոգու հարաբերակցության խնդիրը: Առողջություն:
Ինքնախնամք: Մարդը որպես կատարելագործվող էակ: Գեղեցիկն ու
բարին որպես կատարելագործման կողմնորոշիչներ: Հոգևոր կյանքի
առանձնահատկությունները: Գաղափար ինքնավերլուծության և
ներհայեցողության մասին: Մարդու սեռը. սեռային դերեր և
տարբերություններ: Մարդու տարիքը. դեռահասություն,
պատանեկություն, հասուն տարիք, ծերություն; Աշխարհի հանդեպ
վերաբերմունքի փոփոխումը տարիքի հետ: Հարգանք տարբեր սեռի ու
տարիքի մարդկանց հանդեպ: Մարդը որպես արժեք, մարդը որպես
նպատակ, այլ ոչ թե միջոց:ճանաչողության աստիճանները, զգայություններ, ընկալումներ,
պատկերացումներ, հասկացություններ, դատողություններ և
մտահանգումներ: Կարծիք, համոզմունք, փաստ, գիտելիք:
ճշմարտություն, մոլորություն և կեղծիք: Մտածողության բարձրակարգ
հմտություններ. հիմնավոր ընդհանրացումների կատարում,,
համեմատում և հակադրում:Թեմա 4 . Մարդ և հասարակություն (6 ժամ)
Գաղափար հասարակության մասին: Հասարակական կյանքի
զարգացման հիմնահարցը: Անհատի և հասարակության փոխհարաթերությունները. ազգայնամոլություն, ամբողջատիրություն,
անիշխանություն, անհատապաշտություն և ազատականություն:
Հաղորդակցությունը որպես մարդուն տրված շնորհ: Հաղորդակցման
դժվարությունները, բախումներ և դրանց հաղթահարման որոշ ուղիներ:
Արդյունավետ հաղորդակցում: Հաղորդակցության ժամանակակից
միջոցներ:
Փոքր և մեծ խմբեր: Ընտանիք, սեր և հարգանք: Ընկերություն:
Ինքնություն: Հայոց մշ ակութային ժառանգությունը և ժամանակակից
սերունդը: Գաղափար արժեքների մասին: Մնայուն և անցողիկ արժեքներ:
Ժողովրդավարությունը որպես հասարակության ինքնակազմակերպման
ձև: Ժողովրդավարացումը Հայաստանում. նվաճումներ և
դժվարությու ններ:
Ժողովրդավարության հիմնարար արժեքները: Ազատություն, պատասխանատվություն, հանդուրժողականություն և արդարություն:

Рубрика: Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում

Ռուս-թուրքական պատերազմները մինչև XVIII դարի 1-ին կեսը Ռուսաստանի համար եղել են պաշտպանական և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու նրա վասալ Ղրիմի խանության ասպատակությունների դեմ: XVIII դարի 2-րդ կեսից դրանք պայմանավորված էին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրմամբ, Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարով, դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի ազդեցության ուժեղացմամբ:

1676–81թթ-ի պատերազմը
Սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու համար: Չհասնելով իր նպատակին՝ Թուրքիան 1681 թ-ի հունվարի 3-ին հարկադրված ստորագրել է Բախչիսարայի (Ղրիմի խանության մայրաքաղաքը) պայմանագիրը, որով ճանաչել է Ձախափնյա Ուկրաինայի և Կիևի վերամիավորումը Ռուսաստանին:
                             1686–1700թթ-ի պատերազմը
Սկսվել է 1686թ.`   հակաթուրքական «Սրբազան լիգային» (1684 թ., Ավստրիա, Ռեչ Պոսպոլիտա, Վենետիկ) Ռուսաստանի միանալուց (1686թ.) հետո: Ավարտվել է 1700թ. Կոստանդնուպոլսում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով, որով Ազովն անցել է Ռուսաստանին:
                              1710–13թթ-ի պատերազմը
Հիմնական իրադարձությունը Պետրոս I-ի 1711 թ-ի Պրուտյան անհաջող արշավանքն էր. Ռուսաստանը կորցրել է Ազովը:
                           1735–39թթ-ի պատերազմը
Տեղի է ունեցել ռուս-թուրքական հակասությունների սրման և Ղրիմի թաթարների ասպատակությունների հետևանքով: Հաշվի առնելով պատերազմի ընթացքը և Շվեդիայի հարձակման վտանգը՝ Ռուսաստանը կնքել է Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցել է Ռուսաստանին: Այս պատերազմին մասնակցել է ռուսական բանակում ծառայող հայկական էսկադրոնը (հեծյալ ստորաբաժանում)՝ Պետրոս Զենենցի գլխավորությամբ:
                         1768–74 թթ-ի պատերազմը
Սկսել է սուլթանը, երբ Ռուսաստանը հրաժարվել է իր զորքերը դուրս բերել Լեհաստանից, որի նկատմամբ հավակնություններ ուներ Թուրքիան:
1770թ.-ի հունիսի 26-ին Չեսմենի (Էգեյան ծով) ծովամարտում ռուսական նավախումբը ջախջախել է օսմանյան նավատորմը և շրջափակել Դարդանելը: 1771թ.-ին ռուսական 2-րդ բանակը Ազովյան նավատորմի աջակցությամբ գրավել է Ղրիմը, իսկ գեներալ Պյոտր Ռումյանցևի 1-ին բանակը հունիսին և հոկտեմբերին ձախողել է Դանուբի ձախ ափն անցնելու թուրքական բանակի փորձերը:
1772թ.-ի նոյեմբերի 1-ին Ռուսաստանը պայմանագիր է կնքել Ղրիմի Սահիբ Գիրեյ խանի հետ, որով հռչակվել է Ղրիմի անկախությունը Թուրքիայից և անցումը Ռուսաստանի հովանավորության տակ: 1774 թ-ի հուլիսի 10-ին պատերազմն ավարտվել է Բուլղարիայի Քյուչուկ-Կայնարջի գյուղում կնքված պայմանագրով: Ռուսաստանն ստացել է Հարավային Ուկրաինայի տարածքը՝ մինչև Հարավային Բուգ, և ազատ ելք դեպի Սև ծով (Կինբուռն, Կերչ, Ենիկալե ամրոցները): Պատերազմի գլխավոր արդյունքներից էր 1783 թ-ին Ղրիմի խանության անցումը Ռուսական կասրությանը: Նույն թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվել է Գեորգիևյան դաշնագիրը, որով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում Վրաստանը և պարտավորվում զորք տրամադրել նրան:
                         1787–91 թթ-ի պատերազմը
1787թ.-ի օգոստոսի սկզբին Թուրքիան, Անգլիայի, Պրուսիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ Ղրիմը հետ վերադարձնելու, Վրաստանը որպես թուրքական վասալական տիրույթ ճանաչելու, սևծովյան նեղուցներով անցնող ռուսական առևտրական նավերը ստուգելու պահանջներով: Եկատերինա II-ի կառավարությունը մերժել է վերջնագիրը, և 1787 թ-ի օգոստոսի 13-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
1790թ.-ի դեկտեմբերի 11-ին ռուսական զորքերը, Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ, գրավել են անմատչելի համարվող Իսմայիլ ամրոցը՝ Դանուբի գետաբերանում: 1791թ.-ի հունիսին ռուսական զորքերը, գեներալ Նիկոլայ Ռեպնինի հրամանատարությամբ, անցել են Դանուբը և պարտութան մատնել թուրքերին Բաբադաղի ու Մաչինի մոտ: Կովկասում ռուսական զորքերը գրավել են Անապան: Նավատորմը, դերծովակալ Ֆեոդոր Ուշակովի հրամանատարությամբ, Կալիկրիայի մոտ հուլիսի 31-ին ջախջախել է թուրքական նավատորմը: 1791թ.-ի դեկտեմբերի 29-ի Յասսիի հաշտության պայմանագրով Ռուսաստանին են անցել Հարավային Բուգի և Դնեստրի միջակա տարածքը, վավերացվել է Ղրիմի միացումը Ռուսաստանին:
                           1806–12թթ.-ի պատերազմը
Սանձազերծել է Թուրքիան`   Ֆրանսիայի դրդմամբ`   հույս ունենալով իր համար նպաստավոր պայմաններում [Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի (1805–07 թթ.) և Իրանի (1804–13 թթ.) դեմ] վերագրավել կորցրած տիրույթները: Դեկտեմբերի 18-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Պատերազմական գործողությունները տեղի են ունեցել Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1807 թ-ի փետրվարին փոխծովակալ Դմիտրի Սենյավինի հրամանատարությամբ սկսվել են ռազմական գործողություններ: Հունիսի 19-ին Աֆոնի ծովամարտում թուրքական նավատորմը ջախջախվել է: Դանուբի վրա թուրքական զորքերը մի շարք պարտություններ են կրել և նահանջել:
Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Գյումրիի մոտ, որտեղ հունիսի 18-ին գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը 7-հզ-անոց զորաբանակով պարտության է մատնել Յուսուֆ փաշայի 20-հզ-անոց բանակին:
1811թ.-ի մարտին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը, որի հմուտ ռազմավարության շնորհիվ թուրքերի գլխավոր ուժերը Դանուբի ձախ ափին ընկել են շրջապատման մեջ և անձնատուր եղել:
1812թ.-ի մայիսի 16-ին հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի պալատում կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչել է Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին:
                              1828–29թթ.-ի պատերազմը
Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:
Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին:
Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829թ.-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը հարկադրել է թուրքական կառավարությանը հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով:
Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30թթ. շուրջ 80 հզ. հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում:
Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները:
Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29թթ.-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:
                                 1853–56թթ.-ի Ղրիմի կամ Արևելյան պատերազմը
Ռուսաստանը պատերազմել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար: Գործողությունները ծավալվել են Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի առիթը Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ ռուսական վերջնագրի մերժումն էր Թուրքիայի կողմից: 1853թ.-ի մայիսին Ռուսաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտել են Մոլդովայի և Վալախիայի սահմանները, որոնք անվանապես սուլթանի գերիշխանութան տակ էին: Ի պատասխան՝ Թուրքիան (Անգլիայի ու Ֆրանսիայի դրդմամբ) հոկտեմբերի 4-ին պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
Ռուսաստանի համար 1853–54թթ.-ի պատերազմի ընթացքը հաջող էր: Այսրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ փաշայի գլխավորությամբ, 1854թ. հարձակվել է գեներալ Բեհբութովի կորպուսի վրա: Հունիսի 4-ին գեներալ Իվան Անդրոնիկովի զորքերը Ճորոխ գետի մոտ պարտութան են մատնել թուրքական զորքերին, իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը Չընգլի լեռնանցքում ջախջախել են թուրքական զորքերին և գրավել Բայազետը: Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն է կրել:
1854թ.-ի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական բանակը հանդիպել է ռուսական զորքերի դիմադրությանը: Սակայն Ալմա գետի մոտ ռուսները պարտվել են և նահանջել Սևաստոպոլ, այնտեղից՝ Բախչիսարայ: 18 հզ. ռուս ծովայիններ և զինվորներ, փոխծովակալներ Վլադիմիր Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ, կազմակերպել են Սևաստոպոլի պաշտպանությունը: 1855թ.-ի հունվարին Սարդինիան, մտնելով պատերազմի մեջ, Ղրիմ է ուղարկել 15-հզ-անոց կորպուս: Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը հանգեցրել է Սևաստոպոլի անկմանը (1855թ-ի օգոստոս):
Այսրկովկասում գեներալ Նիկոլայ Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ. զինվոր) 1855թ.-ի գարնանը հետ է մղել Բայազետի ու Արդահանի թուրքական զորամասերը Էրզրումի ուղղությամբ և պաշարել Կարսի 33-հզ-անոց թուրքական կայազորը (ստացել է Մուրավյով-Կարսկի պատվանունը): Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ են հանել Օմեր փաշայի թուրքական 45-հզ-անոց կորպուսը: Սակայն նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվել է:
1855թ.-ի վերջին ռազմական գործողությունները դադարեցվել են: 1856թ.-ի մարտին Փարիզում ստորագրվել է հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին արգելվել է ռազմական նավատորմ և ռազմական բազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային է զիջել Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվել է ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա: Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները:
Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում հայերը ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին: Բարսեղ Բեհբութովը Կովկասյան կորպուսի հրամանատարն էր, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարում աչքի է ընկել ծովակալ Լազար Սերեբրյակովը (Ղազար Արծաթագործյան, 1795–1862 թթ.): 1853 թ-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվել է 300-հոգանոց կամավորական ջոկատ: 1853–54թթ. Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմել են դրուժինաներ, որոնք պաշտպանել են սահմանները, կռվել հակառակորդի դեմ:
Հայ կամավորական ջոկատները 1853թ. մասնակցել են Բաշկադկլարի ճակատամարտին: 1854թ.-ի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվել է 125-հոգանոց հեծյալ ջոկատ: 1854թ.-ի հունիսին, երբ թուրքական 200-հոգանոց հեծելազորը հարձակվել է Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ մարտնչել են թշնամու գերակշռող ուժերի դեմ:
Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի են ընկել Ախալցխայի մերձակայքում մղված մարտերում: Կամավորներները քաջությամբ աչքի են ընկել Քյուրուկ-Դարայի ճակատամարտում: Գեներալ Ն. Մուրավյովը վկայել է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լոռիս-Մելիքովի (1825–1888թթ.) ջոկատի քաջագործությունների մասին: Իրենց սխրանքներով հայտնի են դարձել կամավոր Դանիել Հարությունովը՝ «քաջ Դանիլկինը», Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոսի`   Վարդանի նախատիպը) և ուրիշներ: Հայերի դերը պատերազմում բարձր են գնահատել նաև ականատես ռուս զորավարներ Միխայիլ Բոգդանովիչը, Միխայիլ Լիխուտինը, Ալեքսանդր Գեյրոտը և ուրիշներ:
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտը», «Ծովամարտ», երկուսն էլ`   1853թ.) և 1854թ. պաշարված քաղաքում բացել ցուցահանդես:
                               1877–78թթ. պատերազմը
Սկսվել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրման պայմաններում: 1875–78թթ. ՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876թ. Բուլղարիայում թուրքական լծի դեմ ապստամբությունները Ռուսաստանում առաջ են բերել լայն շարժում՝ ի պաշտպանություն ցեղակից ժողովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցել է ապստամբներին: Մեծ Բրիտանիայի թելադրանքով Թուրքիան մերժել է Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալ, և Ռուսաստանը 1877թ.-ի ապրիլի 12-ին պատերազմ է հայտարարել Թուրքիային:
Ռազմական գործողություններն սկսվել են և՜ Բալկաններում և՜ Կովկասում: Ռուսաստանի կողմից հանդես են եկել Ռումինիան, ապա՝ Սերբիան և Չեռնոգորիան: Հունիսի սկզբին ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացել են Դանուբի ձախ ափին`   ավելի քան 200-հզ-անոց թուրքական բանակի դեմ: 75-հզ-անոց Կովկասյան բանակի հրամանատարն էր մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը (մարտական գործողությունները հիմնականում վարել է կովկասյան կորպուսի հրամանատար գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովը), 65–70-հզ-անոց թուրքական բանակինը՝ Ահմեդ Մուխտար փաշան:
Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877թ.-ի հուլիսից մինչև 1878թ.-ի հունվար ազատագրել են Բուլղարիան, հունվարի 8-ին գրավել են Ադրիանապոլիսը և դուրս եկել Կոստանդնուպոլսի մատույցները:
Կովկասյան ռազմաճակատում գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի երևանյան ջոկատը ապրիլի 17-ին գրավել է Բայազետը, մայիսի 5-ին՝ Արդահանը, նոյեմբերի 6-ին գեներալ Հովհաննես Լազարևի  զորքերը նվաճել են Կարսը, ապա շարժվել դեպի Էրզրում:
Ռուսների հաջողություններն անհանգստացրել են Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական ռազմանավերի մուտքը Մարմարա ծով ստիպել է ռուսական կառավարությանը հրաժարվել Կոստանդնուպոլսը գրավելու մտքից: 1878թ.-ի փետրվարի 19-ին ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցել Բեսարաբիայի հարավային մասը, Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը: Պայմանագրի 16-րդ հոդվածով`   Թուրքիան պարտավորվել է բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերի այնտեղից դուրսբերումը: Սակայն Անգլիան և Ավստրո-Հունգարիան հասել են Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի վեհաժողովում (1878թ.-ի հուլիս), որտեղ Ռուսաստանի համար տեղի են ունեցել ոչ շահավետ փոփոխություններ, որոնք ճակատագրական էին հատկապես հայ ժողովրդի համար:
Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվել և անկախություն են ձեռք բերել Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան ու Չեռնոգորիան:
Հազարավոր հայեր կամավոր մտել են Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքի կազմում: Ավելի քան 40 հզ. հայեր ընդգրկվել էին ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Ռուսական բանակների կազմում մարտնչել են հայ 7 գեներալ և շուրջ 500 սպա: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին:
Սակայն ռուսական զորքերի գրաված հայկական տարածքները (բացի նորակազմ Կարսի մարզից) վերադարձվել են Թուրքիային, և Արևմտյան Հայաստանի մեծ մասը մնացել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ: