Փավստոս Բուզանդ, 5-րդ դար
Շապուհ թագավորը հրաման է տալիս իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստա նից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնիկ երկրի նույն հողը։ Նա Հա յոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ ու հրամայեց մյուս մարդկանց հեռացնել այդ վայրից, որտեղ նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր։ Սենյակում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան. « Հայոց Արշակ թագավոր, դու ինլո՞ւ ինձ թշնամի եղար. չէ,որ ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, քեզ ինձ որդի դարձնել, իսկ դու ինձ թշնամի դարձար, և ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմում ես»։ Արշակ թագավորը պատասխանում է նրան. «Մեղանչեցի և հանցավոր եմ քո առջև, որովհետև ես եկա, հաղթեցի ու կոտորեցի քո թշնամիներին հույս ունենալով քեզանից կյանքի պարգև ստանալու, սակայն իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին։ Եվ հա եկա քո առաջ, և ահա ես՝ քո ծառան, քո ձեռքում եմ, ինչպես ուզում ես այնպես էլ վարվիր ինձ հետ։ Եթե կամենում ես, սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, շատ հանցավոր եմ քո առջև, մահապարտ եմ»։ Շապուհ թագա վորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով. անմեղ ձևանալով նրան բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ Արշակը հայկական հողի վրա ոտք էր դնում, սաս տիկ ըմբոստանալով, հպարտանալով խոսքը փոխում էր, սկսում էր խոսել և ասել, «Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել։ Ես չեմ ների քեզ ու քո որդիներին։ Շապուհը նորից նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա. այն ժամանակ Արշակը զղջում էր ասածների համար, խոնարհվում էր, նրա ոտքերն էր ըննում. սաստիկ ափսոսում, զղջում էր ասած խոսքերի համար։ Իսկ երբ ձեռքից բռնած տանում էր հայկական հողի վրա, առաջվանից ավելի խիստ էր խոսում։ Նորից հեռացնում էր այդ հողի վրայից, սկսում էր խոսքերով ապաշխարել։
Երեկոյան՝ Պարսից թագավորի ընթրիքի ժամին, սովորությունն այնպես էր, որ Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում այնտեղ՝ նրա հետ, նրա մոտ, նրա թախտի վրա. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի թախտի վրա էին բազմում, մի գահի վրա։ Պարսից Շապուհ թագավորը վեճից հետո հրաման է տալիս բերել շղթաներ և գցել Արշակի պարանոցը, իսկ ոտքերին ու ձեռքերին դնել կապանքներ և տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև նրա մահը։ Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայում է իր մոտ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին։ Սկսում է նրան անարգել, քանի որ Վասակը փոքրամարմին էր։ Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեր ձեռքը բաց չէր թողել։ Մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Պարսից թագավորը հրամայում է Հայոց Վա սակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկել էին Արշակ թագավորին։